Քիմ Քարդաշյանը նորից գալիս է ՀՀ՝ մասնակցելու WCIT 2019-ին

Քիմ Քարդաշյանը նորից գալիս է ՀՀ՝ մասնակցելու WCIT 2019-ին

PanARMENIAN.Net - WCIT 2019-ի կազմակերպիչները պաշտոնապես հաստատել են՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։

ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ը։

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումներն անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:

«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը հարցազրույց կտա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների գործիչներին, որոնց շարքում կլինի հայկական PicsArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ նշել է․ «Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։

Ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»:

Քիմ Քարդաշյան-Վեսթն իր հարթակն ակտիվորեն օգտագործում էր քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարեց, որ սկսել է իրավաբանություն ուսանել Կալիֆորնիայում։ Այս սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված SKIMS հագուստի նորաձևության հավաքածուն, ի լրումն KKW BEAUTY և KKW Fregrance հավաքածուների, որոնք թողարկվել են 2017 թվականին։

«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքն 83 երկրի ՏՀՏ միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90%-ը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---