Թրամփը չի օգնում Սիրիայի քրդերին, քանի որ «նրանք չեն օգնել ԱՄՆ-ին Երկրորդ համաշխարհայինի ժամանակ»

Թրամփը չի օգնում Սիրիայի քրդերին, քանի որ «նրանք չեն օգնել ԱՄՆ-ին Երկրորդ համաշխարհայինի ժամանակ»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրդերին աջակցելու մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ քրդերը չեն օգնել ԱՄՆ-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես, Նորմանդիայում:

Դաշնակցային զորքերը դեսանտ են իջեցրել Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայում, 1944-ի հունիսի 6-ին, բացելով «երկրորդ ռազմաճակատը» Եվրոպայում նացիստական զորքերի դեմ: Դա պատմության մեջ ամենամեծ դեսանտային գործողությունն է համարվում:

Թրամփին հարց ուղղած լրագրողը նշել է, որ քրդերը օգնել են ԱՄՆ-ին հաղթել «Իսլամական պետությանը»: Նա նաև հարցրել է ԱՄՆ նախագահին, թե ամերիկյան կողմին ավելի բարդ չի լինի արդյոք դաշինքներ կազմել՝ հաշվի առնելով «որ թույլ է տրվել այս հարձակումը»՝ թուրքական գործողությունը Սիրիայում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի հնարավոր գործողության մասին հայտարարությունից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ չի մասնակցի գործողությանը, ավելին՝ հետ կքաշի զորքերը գործողության տարածքից: Վաշինգտոնի կողմից աջակցություն ստացող քրդերը հայտարարեցին, որ այդպիսով ԱՄՆ-ն խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ինչ որ մեկն այսօր մի շատ-շատ ազդեցիկ հոդվածում գրել էր, որ նրանք (քրդերը՝ խմբ.) չեն օգնել մեզ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, օրինակ, չեն օգնել մեզ Նորմանդիայում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը լրագրողներին:

Daily Beast պարբերականն իր հերթին նշել է, որ ԱՄՆ նախագահը հղում է արել Townhall պահպանողական կայքում հրապարակված հոդվածին, որի հեղինակը գրել է՝ «քրդերը մեզ չեն օգնել Նորմանդիայում»: Ըստ հոդվածագրի, քրդերը չեն աջակցել ամերիկացիներին նաև Կորեական և Վիետնամական պատերազմների ժամանակ, ինչպես նաև Աֆղանստանում ռազմական գործողության ժամանակ:

«Մենք հսկայական գումարներ ենք ծախսել քրդերին օգնելու համար, դա վերաբերում է զինամթերքին, սպառազինությանը, գումարներին և վճարումներին: Միևնույն ժամանակ մեզ դուր են գալիս քրդերը...Նրանք պայքարում են իրենց հողի համար»,-հավելել է Թրամփը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---