ԱԳ նախարարը՝ ադրբեջանցի պատգամավորին. Ձեզ սրբի տեղ մի դրեք

ԱԳ նախարարը՝ ադրբեջանցի պատգամավորին. Ձեզ սրբի տեղ մի դրեք

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների իսնտիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների բացման խոսքին հետևած հարցուպատասխանի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, ասել է. «Առավելապաշտական լինելով երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք»:

Հարցն այն մասին էր, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու «հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները», էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձել է՝ թե ինչպես պետք է վերաբերել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին:

«Դուք լսել ե՞ք Բաքվի մասին: Լսել ե՞ք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսել ե՞ք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզում ե՞ք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրաստ ե՞ք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրաստ ե՞ք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրաստ ե՞ք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա:

Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են և որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։ Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառանացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»,-ասել է նախարարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է.«Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաև վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին»:

Նա հավելել է, որ այժմ կան որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա փորձում են կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները: «Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»,-ասել է ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---