ԱԱԾ-ից բացի, Ոստիկանությունը ևս կկարողանա գաղտնալսել․ Օրինագիծն ընդունվել է

ԱԱԾ-ից բացի, Ոստիկանությունը ևս կկարողանա գաղտնալսել․ Օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրինագծին։ Դեկտեմբերի 9-ին արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, մասնավորապես, նշել էր, որ կառավարության կարծիքով՝ «հատվածական կարգավորմամբ ոստիկանությունն այսօր չի կարող ունենալ գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն», փոխարենն ապագայում, հնարավոր է, միայն համալիր կարգավորումների արդյունքում, ընձեռնվի այդ հնարավորությունը: Փոխնախարարը նշել էր նաև, որ ոստիկանությունն այսօր ոչ թե զրկված է գաղտնալսելու, այլ՝ դրա ինքնուրույն կազմակերպման հնարավորությունից:

Նախագիծը նախաձեռնած պատգամավորները նշել էին, որ ուժային կառույցներում պետք է լինի հակակշիռների մեխանիզմ, և կոչ էին արել գործընկերներին այնուամենայնիվ կողմ քվեարկել օրինագծին, քանի որ արդարադատության նախարարության կողմից մշակվող Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրում համարժեք լուծումներ միրևնույն է՝ չկան։

Եթե նախագիծն ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն կունենա: 2007 թվականից այս հնարավորությունը վերապահված է բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---