Օրինագիծ. Ոստիկանությանը գաղտնալսումը թույլատրելը կօգնի հանցագործության արագ բացահայտմանը

Օրինագիծ. Ոստիկանությանը գաղտնալսումը թույլատրելը կօգնի հանցագործության արագ բացահայտմանը

PanARMENIAN.Net - Ոստիկանությանը սեփական տեխնիկական հնարավորություններով գաղտնալսման հնարավորություն տալը ժամանակ կխնայի, հանցագործություններն օպերատիվ կերպով կբացահայտվեն: «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին քննարկմանն ասել է նախագծի հեղինակներից Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով` գործող օրենսդրությամբ Քրեական օրենսգրքի մոտ 80%-ը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով Ոստիկանությանը տրվում է գաղտնալսման հնարավորություն:

Հարցի քննարկմանը ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունը շարունակում է դեմ լինել նախագծին՝ առաջարկելով ստեղծել առանձին անկախ կազմակերպություն և գաղտնալսման իրավունքը փոխանցել դրան:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել է, որ հիասթափված են վերջին շրջանում կառույցի գործողություններից և շատ ոչ համարժեք դրսևորումներից։

«Օրենքի ընդունումից հետո մենք 2 առիթ ենք ունեցել առավելապես ականատես լինելու Ոստիկանության ոչ պատշաճ գործողությանը։ Մեկը կապված Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային դերակատար դատավոր Սամվել Ուզունյանի՝ երկիրը լքելու, փաստորեն, իրողությունը, փաստը, որի պատասխանատվությունը մեծ հաշվով կրում է Ոստիկանությունը։ Եվ ինձ համար ուղղակի շշմեցուցիչ էր, երբ ոստիկանությունը գնացել էր հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի տունը խուզարկելու և թույլ էր տվել նրան դուրս գալ, Ոստիկանության գործողությունները և ոստիկաններին ձեռք առնել լրագրողների հետ այդ հայտնի զրույցի ընթացքում»,- ասել է Բաբաջանյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանն իր հերթին նշել է, որ այս օրինագծով Ոստիկանությանը որևէ նոր իրավունք չի տրվում, տրվում են միայն տեխնիկական միջոցներ, որպեսզի իրեն ոչ վերադաս մարմնից կախվածության մեջ չլինի:

Քննարկման ընթացքում պատգամավորները նշել են, որ ավելի մեծ վստահություն կա Ազգային անվտանգության ծառայության նկատմամաբ:

Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը։ Կառավարությունն այն ժամանակ ևս բացասական եզրակացություն էր տվել օրինագծին։

 Ուշագրավ
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը
Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումները, թե ընտրություններում ձևավորվում են ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները
Ըստ նրա՝ հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին