Փաշինյան. «Արմաթ» լաբորատորիաները կհիմնվեն մրցութային կարգով, կհաղթի լավագույն առաջարկը

Փաշինյան. «Արմաթ» լաբորատորիաները կհիմնվեն մրցութային կարգով, կհաղթի լավագույն առաջարկը

PanARMENIAN.Net - Մեկուկես տարում Կառավարությունն «Արմաթ» լաբորատորիաներին ֆինանսավորումն ավելացել է մոտ 10 անգամ՝ պետբյուջեից նախագծին հատկացնելով մոտ 1,3 մլրդ դրամ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման դադարեցման քննարկումներին:

Ավելի վաղ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար Կարեն Վարդանյանը հայտարարել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Վարդանյանը նշել էր, որ դա վարչապետի ասած «սաբոտաժի դասական օրինակն է:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում 575 լաբորատորիա կա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից:

«Մենք այս պահին պետք է մի փոքր դադար վերցնենք, վերլուծենք՝ ինչպես է աշխատում այդ համակարգը: Կառավարության նիստում հանձնարարել եմ՝ սրանից հետո պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները ստեղծենք մրցութային կարգով: Ասենք, որ այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի: Ովքեր կտան մեզ «բովանդակություն-գին» լավագույն առաջարկը, նրանք էլ կհաղթեն»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014-ին և մինչև 2017-ը նախագծի ֆինանսավորմանը պետբյուջեից հատկացվել է 188 մլն դրամ: 2018-19թթ. այն կազմել է մոտ 1,3 մլրդ դրամ:

«Մինչև հեղափոխությունը ՀՀ -ում բացվել է ինժեներական 220 լաբորատորիա, հեղափոխությունից հետո՝ 355, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են: Այս ընթացքում կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ: Թող այս թվերն իրենք հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ չեն խոչընդոտում դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին:

2014-ին հաստատված հանրակրթական համակարգում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման ծրագրով Հայաստանի մի շարք քաղաքների և գյուղերի դպրոցներում գործում են ինժեներական խմբակներ:

 Ուշագրավ
Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ սարքի մասին է, որը ոչ միայն թռչելու է, այլև սերմեր և սածիլներ «կրակելու»
Հանդիպումն անցել է Դավոսի համաժողովի շրջանակում
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով