Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների՝ մրցույթով ընտրված թեկնածուները հայտնի են

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների՝ մրցույթով ընտրված թեկնածուները հայտնի են

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Այսպիսով, Արդարադատության նախարարության ընտրած թեկնածուներն են՝

- իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.

- հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ անդամ Դանիել Իոաննիսյանը:

Թեկնածուների այս ցանկը կներկայացվի վարչապետի աշխատակազմ՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:

Արդարադատության նախարարությունում թեկնածուներին ընտրելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

Վարչապետ Նիկոլ Փաշինայնի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովը 15 անդամ կունենա։ Դրա կազմում ի պաշտոնե կլինեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---