ԱԳ փոխնախարար. Աշխարհի մոտ 46 երկրում ՀՀ 600 քաղաքացի կա՝ կապի մեջ ենք

ԱԳ փոխնախարար. Աշխարհի մոտ 46 երկրում ՀՀ 600 քաղաքացի կա՝ կապի մեջ ենք

PanARMENIAN.Net - Մարտի 31-ի դրությամբ աշխարհի մոտ 46 երկրում գտնվող մոտ 600 ՀՀ քաղաքացու հետ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է, նրանց մի մասը կորոնավիրուսի պատճառով ցանկություն ունի վերադառնալ Հայաստան, մյուսները՝ ոչ, սակայն արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են բոլորի հետ, հայտարարել է փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նրա խոսքով՝ մարտի կեսերին բազմաթիվ քաղաքացիներ են տարհանվել համաճարակի ակտիվ տարածվածություն ունեցող երկրներից, դրանից հետո առանձին չվերթերով ՀՀ են վերադարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իսկ մարտի 31-ի գիշերն էլ կայացել է Կալկաթա-Երևան չվերթը, որտեղից վերադարձել են 68 երեխա և ուսուցիչ:

Նա հայտնել է նաև, որ Իրաքում ՀՀ 80 քաղաքացի կա, որոնք միջազգային կազմակերպությունում են աշխատում և դրա հետ ԱԳՆ-ն մշտական կապ է պահպանում, Թուրքիայում է գտնվում 56 քաղաքացի, նրանց տեղափոխման համար Մայր աթոռի հետ փոխգործակցություն կա:

«Եթե չկան տարհանման գործողություններ, ապա դեսպանություններն ուղղորդում են մեր քաղաքացիներին՝ ինչպես վերադառնալ, ինչ չվերթեր կան, որոնք են ճիշտ ճանապարհները: Շատ անգամ նույնիսկ տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցույց տալով: Վերադառնալու առումով կան օբյեկտիվ դժվարություններ: Առաջինը մեր քաղաքացու գտնված երկրի կարանտինային ռեժիմներն են, որոնք սահմանափակում են ազատության աստիճանը: Դժվարություն են ստեղծում նաև տեղափոխման հետ կապված առողջապահական ռիսկերը և օդային հաղորդակցության սահմանափակումները»,- հայտարարել է Ադոնցը:

Ըստ նրա՝ եթե քաղաքացու վերադարձը չի հաջողվում կազմակերպել, դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամենը, որպեսզի կարգավորվեն քաղաքացիների ժամանակավոր կեցությունն այդ երկրում՝ ապահովելով սնունդ, կացարան, նույնիսկ որոշ ֆինանսական միջոցներ:

Պատասխանելով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների առողջական դրությանը վերաբերող հարցին՝ Ադոնցը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված է եղել Իտալիայում բնակվող ՀՀ մեկ քաղաքացի, ով արդեն բուժվել է և քննարկվում է նրա՝ ՀՀ վերադառնալու հարցը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում: Մարտի 30-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի:

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր