Թորոսյան. Տանը մնալը կարևոր է, այլապես առողջապահական համակարգն այդ բեռը չի կարողանա կրել

Թորոսյան. Տանը մնալը կարևոր է, այլապես առողջապահական համակարգն այդ բեռը չի կարողանա կրել

PanARMENIAN.Net - Եթե կորոնավիրուսի վարակման տեմպը պահպանվի ու, օրինակ, չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա Առողջապահության նախարարությունը ստիպված է լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ դա ցանկալի սցենար չէ, քանի որ ՀՀ և որևէ երկրի առողջապահական համակարգ չի կարող այդ բեռը կրել:

«Եվ հենց վերոգրյալի համատեքստում է կարևոր մնալ տանը և խստորեն պահպանել ինքամեկուսացման ցուցումները` այդ թվում՝ վարչական պատասխանատվության ռիսկից դրդված: Հենց այս ամենի համար է կարևոր, որպեսզի մենք այս կամ այն եղանակով արձանագրենք այդ խախտումները և վերադարձնենք մարդկանց իրենց ինքնամեկուսացման վայր: Դա ինքնանպատակ չէ, այլ ուղիղ ազդող գործիք վարակիչ հիվանդության տարածման տեմպի վրա»,- գրել է նախարարը:

Թորոսյանը նշել է, որ այն, ինչ արվում է Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է, քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5% պետական ծախսերով, և արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության:

«Սակայն միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս»,- գրել է Թորոսյանը:

Նա ներկայացրել է ՀՀ-ի և տարբեր երկրների՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը ցույց տվող կորեր՝ նշելով, որ երկրներն այս ընթացքում տարբեր արագություն են ունեցել 2-ից մինչև 10 օր:

«Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն՝ մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ, որպես օրինակ, ունի նաև Ճապոնիան: Եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին` 2000, և այդպես շարունակ: Եվ մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ»,- գրել է նա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 31 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի