Սարգսյանը՝ Ապրիլյանի մասին․ Մի օր Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և կրկին անհնար է լինելու փրկել բոլորին

Սարգսյանը՝ Ապրիլյանի մասին․ Մի օր Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և կրկին անհնար է լինելու փրկել բոլորին

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին այցելել է Ազգային ժողով` Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

Նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին»։

Անդրադառնալով նիստին՝ Սարգսյանն ասել է, որ պատրաստվում է «ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի, ու նաև այն, ինչ մտածում է»:

Ըստ նրա՝ Ապրիլյանի հարցը չպետք է պառակտի ժողովրդին ու վտանգի պաշտպանունակությունը:

«Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները: Ես հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել:

Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք»,- նշել է նա:

Սարգսյանը նշել է, որ խոր ցավով է սգում զոհվածների մահը «և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին»:

«Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները»,- նշել է նա:

Երրորդ նախագահն ընդգծել է նաև, որ հայ զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները:

«Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել: Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից:

Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով:

Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից:

Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով:

Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---