ԱԳՆ․ Ալիևը փորձել է նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայերի դեմ իր քարոզչությանը

ԱԳՆ․ Ալիևը փորձել է նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայերի դեմ իր քարոզչությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին։

Հարցազրույցում Ալիևը հերթական անգամ մեղադրել է ՀՀ-ին «ֆաշիստ հանցագործներին հերոսացնելու մեջ», որպես կոնկրետ օրինակ մատնանշելով «ֆաշիստական դահիճ և հանցագործ Գարեգին Տեր-Հարությունյանին, որը հայտնի է Նժդեհ ածականով», որին Երևանում 6 մետրանոց հուշարձան է կանգնեցված։

«Ես հուսով էի, որ ՀՀ նոր ղեկավարությունը, որը փորձում է որպես ժողովրդավար ներկայանալ, կսատարի իմ առաջարկին։ Սակայն, հակառակը տեսա՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը, վարչապետը սկսեց պաշտպանել այդ հանցագործին»,- ասել է նա։

Նաղդալյանը նշել է, որ հայ ժողովրդի ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:

«Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Նա նշել է նաև, որ հայերը հպարտությամբ են հիշում բոլոր հերոսների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում:

«Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության»,- ասել է Նաղդալյանը։

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հրապարակել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի ընտանիքի նամակը, որը վերնագրված է՝ «Մեծ Հայրենականի երկու հերոսի թանգարանը չայխանայի են վերածել»։ Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի հայաբնակ Չարդախլու գյուղի փառավոր պատմությանը, որի բնակիչները, այդ թվում մարշալ Բաբաջանյանը, մեծ ավանդ են ունեցել Մեծ Հայրենականում կրած հաղթանակում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---