Առանց դիմակի պատգամավորներն ԱԺ դահլիճից դուրս կհրավիրվեն

Առանց դիմակի պատգամավորներն ԱԺ դահլիճից դուրս կհրավիրվեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորներն այսուհետ պարտավոր են դիմակ կրել նաև նիստերի դահլիճում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ դահլիճից դուրս են հրավիրվելու այն պատգամավորները, ովքեր դիմակ չեն կրում։

«Նախազգուշացում եմ հայտարարելու, ապա՝ դահլիճից դուրս եմ հրավիրելու 1 կամ 7 օրով բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նաև խոստովանել է, որ եղել են դեպքեր, օրինակ, Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, երբ ինքը փակ տարածքում դիմակ չի կրել և դա սխալ է համարում։

Նա հավելել է, որ Ազգային ժողովի պատգամավորները նաև օրինակ պետք է ծառայեն բնակչության համար՝ կարևորելով դիմակ կրելը կորոնավիրուսին հակազդելու գործում։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ազգային ժողովում խոսելիս անհարմար է դիմակով խոսել, իսկ պարետի որոշումները չեն կարող կիրառվել ԱԺ-ում և դուրս հրավիրել պատգամավորներին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին նկատողություն հայտարարեց՝ դիմակ չկրելու համար։

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 91 է, այլ պատճառով՝ 39։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3220 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 52,554 թեստավորում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---