24 հունիսի 2020 - 12:18 AMT
Սահմանադրական փոփոխությունների հարցով ԼՀԿ-ն կդիմի ՍԴ, բայց հետո

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցով կդիմի Սահմանադրական դատարան, բայց ավելի ուշ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո։ Այդ մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա հավելել է, որ իրենք կաշխատեն ՍԴ ներկայացվելիք դիմումի վրա, և հենց Քոչարյանի գործով ՍԴ նիստը կայանա, Բարձր դատարան կմուտքագրվի վերոնշյալ խնդիրների հետ կապված դիմումը, գրում է Panorama.am-ը։

«ԼՀԿ-ն այն մոտեցումն ունի, որ գործողություններն իրականացվելու են միմիայն իրավական տիրույթում։ Եվ դա անում ենք այն պարզ պատճառով, որ որևէ ձևով չմիջամտենք այս գործընթացին։ Հենց այն օրը, երբ խորհրդարանը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է արել ու որոշել, որ երկրորդ նախագահին առնչվող գործն իրենք կքննեն հուլիսի 7-ին։ Այսինքն՝ կասեցված գործը հանել են և նշանակել օր»,- ասել է Մարուքյանը։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Մարուքյանն ասել է, որ իրենք ՍԴ-ում բարձրաձայնելու են որոշ խախտումների մասին։ Նա հիշեցրել է, որ խորհրդարանը մեկ և կես ժամում առաջին ընթերցմամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունելուց հետո, Սահմանադրությունը խախտելով, այն չի ուղարկել ՍԴ, ապա կրկին նույնքան ժամանակահատվածում երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը։

Բացի այդ, ըստ Մարուքյանի՝ իշխանությունը խախտել է նաև ԱԺ կանոնակարգ օրենքը, և ՀՀ նախագահին զրկել Սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու իրավունքից։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը: