Մնացականյանը Մամեդյարովի հետ զրույցում ընդգծել է Բաքվի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը

Մնացականյանը Մամեդյարովի հետ զրույցում ընդգծել է Բաքվի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի ընթացքում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը։

Տեսակոնֆերանսն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այդպիսի հայտարարությունները վնասում են խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը, տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Մնացականյանը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից:

Միաժամանակ ընդգծվել է հուլիսին հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ ապրիլի 21-ին տեղի ունեցած նմանատիպ տեսակոնֆերանսի արդյունքում ընդունվել էր հայտարարություն։ Ըստ դրա` Covid-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը:

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը հունվարի 29-ին և 30-ին էր։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում քննարկվել էր 2019-ին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Նախարար Մնացականյանը շեշտել էր խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---