Փաշինյանի խոսնակը՝ Ալիևին․ Եթե հարցը ռազմական լուծում ունի, ապա արցախցիները վաղուց լուծել են այն

Փաշինյանի խոսնակը՝ Ալիևին․ Եթե հարցը ռազմական լուծում ունի, ապա արցախցիները վաղուց լուծել են այն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանը, ասել է, որ ԼՂ հարցի կարգավորված չլինելու համար Ալիևը պիտի մեղադրի միայն ինքն իրեն, քանի որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից, իսկ եթե հարցն ունի ռազմական լուծում, ապա Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այն:

Ալիևն ավելի վաղ ասել է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:

Խոսնակը հավելել է, որ «պատմության խորխորատները մտնելու»՝ Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են՝ հիշեցնելով, թե ինչ ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին Հերոդոտոսի պատմության, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ի, Ստրաբոնի «Աշխարհագրության», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերում։ Նա նաև խորհուրդ է տվել Ալիևին կարդալ գոնե 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին։

«Ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով: Ալիևը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել: Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչև 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել»,- նշել է նա:

Ըստ Գևորգյանի՝ ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, Ալիևի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է՝ Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը:

«Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար, իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, և քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը»,-նշել է նա:

Խոսնակը հիշեցրել է, որ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձև է առաջարկել. Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Նա հավելել է, որ այս բանաձևն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այն չի ընդունում Ալիևը՝ պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչո՞ւ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը»,- ասվում է խոսնակի գրառման մեջ:

Վերջին շրջանում Իլհամ Ալիևն իր ելութներում հաճախակի է անդրադառնում Հայաստանին, Արցախին և հայերին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե ՀՀ անկախության պատմությունն ամոթի պատմություն է։ Նա ասել է, թե ՀՀ գործող իշխանոթյունները ապացուցել են, որ 1998-2018թթ․ «ՀՀ կառավարող մարդիկ հանցագործներ, գողեր ու ավազակներ են եղել, և նրանից շատերը կալանավորված են»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---