Փաշինյան․ Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելն արտացոլվում է Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքով

Փաշինյան․ Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելն արտացոլվում է Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքով

PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է դառնա միջազգային լրջագույն քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին սպառնալիք չի հնչեցրել անգամ այդ պայմաններում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին, դրանց հետևանքներին։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլը սպառնացել էր, թե իր երկիրը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Նա իբրև պատասխանել էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Հայկական կողմից ոչ մի պաշտոնյա նման սպառնալիք չի հնչեցրել։

Վարչապետը նշել է, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:

«Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ»,- ասել է Փաշինյանը։

Նա մի քանի կետ է նշել, որտեղ ամփոփվում է հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել՝ Արցախի պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Փաշինյանը նշել է, որ բանակցությունները պետք է լինեն իմաստալից, իսկ դրանք իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման:

Վարչապետի խոսքով՝ Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ դրա օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է։

Փաշինյանը նաև վերահաստատել է արդյունավետ միջազգային մոնիթորինգի հնարավորություն ներդնելու իր դիրքորոշումը՝ նշելով նաև, որ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար