Փաշինյանը՝ Սիմոնյանին․ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղգործիչներ

Փաշինյանը՝ Սիմոնյանին․ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղգործիչներ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում արձագանքելով RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, որը խիստ բացասական ընդունվեց հայ հասարակության կողմից, հայտարարել է, որ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ։

Սիմոնյանի դիտարկմանը, թե ՀՀ-ն չի ճանաչել Ղրիմը՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը դեռևս չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Դա նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ոչ։ Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են»,- ասել է նա։

Անդրադառնալով 2008 թ. Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին Սիմոնյանի կարծիքին՝ Փաշինյանը նշել է, որ ոչ թե անհատ քաղաքական գործիչներն են Ռուսաստանի դաշնակիցները, այլ ամբողջ հայ ժողովուրդը:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում ՌԴ դաշնակիցը և գործընկերը Փաշինյանը, Պետրոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն, այլ՝ հայ ժողովուրդը: Սա շատ կարևոր նրբերանգ է», - ասել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է, որ շատ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացնում էին որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է:

Ինչ վերաբերում է ՀՀ-ն հակառուսական ոչ կառավարական կազմակերպություններով (ՈԿԿ) հեղեղելու Սիմոնյանի մեղադրանքին, վարչապետը հիշեցրել է, որ դրանք սկսել են աշխատել իշխանության իր գալուց շատ ավելի վաղ։

«Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին: Այս բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ապա ինչո՞ւ չէին փակում այդ կազմակերպությունները», - նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ արձագանքելով, իր իսկ խոսքերով, «իշխանությունների համացանցային զորքերի գռեհիկ ու ագրեսիվ պահանջներին»։

Իր գրառման մեջ նա մեղադրել էր ՀՀ գործող իշխանություններին Ղրիմը չճանաչելու, բացառապես քաղաքական վրեժխնդրությունից Ռոբերտ Քոչարյանին` Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին, կալանավորելու, երկիրը հակառուսական ՈԿԿ-ներով հեղեղելու մեջ։

«Ձեր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ամեն ժամ կեղտ են շպրտում Ռուսաստանի, (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինի, բոլոր նրանց վրա, ովքեր սատարում են Պուտինին, հատկապես ռուսաստանցի հայերի վրա։ Իրականում, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ: Բայց չի անի դա: Ես համոզված եմ. կօգնի նաև այս անգամ»,- գրել էր նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---