Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանին

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին երկրորդ անգամ առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Նա արդեն ստորագրել է դատավորի առաջադրման գրությունը:

Նախագահականի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2018թ. ապրիլի 9-ից 2019թ. մայիսի 30-ը Սարգսյանն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ ԱԺ-ն մերժել է թեկնածուներից 4-ին:

ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։ Նախագահը առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից։

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:

Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից»,- նշել են նախագահականից։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և մյուս դատավորների լիազորությունների դադարեցում։ ՀՀ նախագահը հրաժարվել էր ստորագրել օրենքի նախագիծը, նրա փոխարեն ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---