ԱԳ նախարարը՝ BBC Newshour-ին․ Ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ և գտեք մեղավորին

ԱԳ նախարարը՝ BBC Newshour-ին․ Ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ և գտեք մեղավորին

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC Newshour-ին հարցազրույցում հորդորել է միջազգային հանրությանը վերիֆիկացիոն մեխանիզմներ ներդնել հակամարտության գոտում, ստիպել Ադրբեջանին համաձայնվել և գտնել մեղավորին:

BBC Newshour-ի հարցը Մնացականյանին այսպես է ձևակերպված․ «Նախարար Մնացականյան, ինչո՞ւ հայկական ուժերը խախտեցին զինադադարը»:

Մնացականյանը հորդորել է մեղքը չբարդել հայկական կողմի վրա։

«Հայաստանը լիովին հավատարիմ է ձեռք բերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին: Այսպիսով, նրանք են հանցագործները: Սա է հենց Ադրբեջանի քաղաքականությունը. մեղադրանքներ հնչեցնել և ագրեսիան շարունակելու արտոնություն ստանալ: Սա այն է, ինչ նրանք անում են, անում էին ամբողջ ընթացքում և շարունակում են նաև հիմա. կատարյալ անհարգալից վերաբերմունք և արհամարհանք իրենց իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ, շարունակական ագրեսիա, քաղաքացիական բնակչության շրջանում շարունակական ավերածություններ: Սա սարսափելի է: Սա բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա:

Մնացականյանը հավելել է, որ զինադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին, և համաձայնագրի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց արդեն իսկ արձանագրվում էին ադրբեջանական կողմի խախտումները:

«Գիշերը հարաբերական անդորր է եղել: Ժամը 7:20-ին նրանք սկսել են զանգվածային հարձակողական գործողություններն Արցախի դեմ: Առավոտյան ժամը 7:20-ին տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդեցին մեր Պաշտպանության նախարարությունը և Արցախի Պաշտպանության բանակը, ինչի հիման վրա էլ մենք հանդես եկանք հայտարարությամբ: Եվ սա հստակ հաստատված է: Այս մասին մենք շատ հստակ ասել ենք. ոչ մի պարագայում մենք չենք ընդունելու որևէ մեղադրանք, ոչ մի պարագայում մենք չենք ընդունելու հավասարության նշան դնելու այս քայլերը, որոնք, ըստ էության, արտոնում են Ադրբեջանին` շարունակելու այս ագրեսիան»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---