20 նոյեմբերի 2020 - 18:12 AMT
ԱՄՆ դեսպանը դատապարտել է ՀՀ-ում քաղաքական բռնությունը

Նոյեմբերի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննության առնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ՀՀ ընթացիկ քաղաքական դրությունը։

Դեսպանության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ դեսպանը շեշտել է ժողովրդավարական նորմերի ու արժեքների կարևորությունը, դատապարտել քաղաքական բռնությունը և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսել պահպանել իրավունքի գերակայությունը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին՝ հայ ժողովրդի կամքի համաձայն և աջակցել հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Նոյեմբերի 15-ին Լին Թրեյսին ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել էր, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ։

Դեսպանն այս հայտարարությունն արել էր մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառումը, որում վերջինս նշում էր, որ սպասում է զինվորներին Երևանում` «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել էին իրենց մանդատը վայր դնելու մասին։