Անհետ կորածների հարազատները նամակ են փոխանցել ՌԴ դեսպանատուն. Այն մի քանի ժամում կլինի Մոսկվայում

Անհետ կորածների հարազատները նամակ են փոխանցել ՌԴ դեսպանատուն. Այն մի քանի ժամում կլինի Մոսկվայում

PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ՝ ակնկալելով ռուսական կողմի աջակցությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրանք ասել են, որ ցանկանում են խնդրել խաղաղապահներին որոնողական աշխատանքներ սկսել այն հատվածներում, որոնք անցել են Ադրբեջանի հսկողության տակ և որտեղ ադրբեջանական ուժերը հայկական կողմին թույլ չեն տալիս մտնել։

Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ ղեկավարությանն ուղղված իրենց նամակ-խնդրագիրը փոխանցել են դեսպանատան ներկայացուցչին։

«Դեսպանության ներկայացուցիչը կարդաց նամակը և ասաց, որ նամակին հենց հիմա ընթացք են տալու, այն փոխանցվելու է դեսպանին և մի քանի ժամվա ընթացքում այդ նամակը լինելու է Մոսկվայում։ Ասաց՝ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ», - նամակը փոխանցելուց հետո ծնողներին է փոխանցել անհետ կորած զինծառայողի հարազատը, գրում է Aysor.am-ը։

Ցուցարարները մինչև այդ ակցիա էին անում պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ, գրում է «Ազատությունը»։

Անհետ կորած զինծառայողների հարազատները պնդում են, որ իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստացել վարչապետի հետ հանդիպմանը։ Նրանք ցանկանում են տեղեկանալ, թե երբ են որոնողական աշխատանքներ սկսվելու այն տարածքներում, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են անցել։

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները նոյեմբերի 23-ին բողոքի ցույց են արել պաշտպանության նախարարության շենքի դիմաց, հետո կառավարության մոտ, որտեղ նրանց ներկայացուցիչներին ընդունել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---