ՀՀ նախագահ․ Ցանկացած երկրում նման իրավիճակի հանգեցրած կառավարությունը պետք է գնա

ՀՀ նախագահ․ Ցանկացած երկրում նման իրավիճակի հանգեցրած կառավարությունը պետք է գնա

PanARMENIAN.Net - Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Այս մասին Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության հետևանքներին։

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը տարբերվում է նախկին ընտրությունների Հայաստանից, որը 2.5 տարի առաջ էին, և չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։

«Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել` հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար»,- նշել է նա։

Ըստ նախագահի՝ առաջին հերթին պետք է ընդունել, որ ճգնաժամ կա, իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ շարունակել այնպես, ինչպես նախկինում էր։

«Հայաստանն այլևս ուրիշ երկիր է։ Նույնիսկ ուրիշ է այն Հայաստանի համեմատ, որը կար սեպտեմբերի 27-ին»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ քաղաքակիրթ ճանապարհն արտահերթ ընտրությունները և ժամանակավոր ազգային միասնության կառավարությունն են, սակայն դա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա։ «Այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա»,- մանրամասնել է նա։

Սարգսյանի տեսակետով՝ աշխարհում չկա այնպիսի մարդ, որ կարողանա միայնակ ոտքի կանգնեցնել Հայաստանը, ինքը վարչապետ դառնալու հավակնություններ չունի։

«Ո՞վ է ուզում վարչապետ դառնալ։ Նայեք խնդիրների այս մեծ ծավալին, դա մեծ բեռ է։ Նա պետք է լինի ազնիվ մարդ, և մենք բոլորս պետք է օգնենք նրան»,- նշել է նա։

Նախագահը նաև խոսել է այս ընթացքում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության և Սահմանադրությունը փոխելու մասին։

Ավելի վաղ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ իր կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժն օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները. դրանց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---