Ալիև․ Լաչինի միջանցքը կարող էր 30 կմ լինել, բայց իմ ջանքերով այն 5 կմ է

Ալիև․ Լաչինի միջանցքը կարող էր 30 կմ լինել, բայց իմ ջանքերով այն 5 կմ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Բաքվի հսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջանի ռազմավարական նշանակության մասին, հայտարարել է, թե Լաչինի միջանցքի լայնությունը եռակողմ հայտարարության սկզբնական տարբերակով նախատեսվում էր 30 կմ լայնությամբ, սակայն, իր ջանքերի շնորհիվ սահմանվել է 5 կմ։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դեկտեմբերի 1-ին մտել են Քաշաթաղի (Լաչինի) շրջան, որը, ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ հայտարարության, պետք է անցներ Ադրբեջանին։

«Անվտանգության ապահովման համար լայն միջանցքի անհրաժեշտություն չկա։ Երկրորդ տարբերակով նախատեսվում էր 10 կմ միջանցք՝ ես դրան էլ չեմ համաձայնվել»,- ասել է Ալիևը։

Նա նշել է նաև, որ հայտարարության սկզբնական տարբերակում միջանցքը մնալու էր հայկական ուժերի հսկողության տակ։

«Ես դեմ էի, և արդյունքում միջանցքն անցավ ռուս խաղաղապահների հսկողության տակ»,- ասել է նա, գրում է Moscow-baku.ru-ն։

«Կողմերի համաձայնությամբ, առաջիկա 3 տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցման պլանը, որով ԼՂ-ն կկապվի ՀՀ հետ։ Այս երթուղու պաշտպանության նպատակով հետագայում նախատեսվում է այնտեղ տեղափոխել ռուս խաղաղապահներին։ Հիմա Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով՝ քաղաքն այդ միջանցքի մեջտեղում է մնում։ ՌԴ նախագահի հետ զրույցում ես ասել եմ, որ քաղաքն էլ պետք է մեզ վերադարձվի, ուստի առաջարկում ենք նոր միջանցք կառուցել։ Ժամկետն էլ է նշված՝ 3 տարի։ Բայց, կարծում եմ, որ ավելի շուտ էլ կարելի է անել։ Նոր միջանցքի պարամետրերի որոշումից հետո Լաչին քաղաքը մեզ կհանձնվի։ Սա հատուկ ուշադրության արժանի հարց է, քանի որ եթե ես չհասնեի, որ այն ներառվեր Հայտարարության մեջ, ապա Լաչինը միշտ կմնար Լաչինի միջանցքում»,- ասել է Ալիևը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---