«Իմ քայլը» հիմնադրամը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ ու անվճար հացատուն կկազմակերպի Ստեփանակերտում

«Իմ քայլը» հիմնադրամը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ ու անվճար հացատուն կկազմակերպի Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին։ Այդ թվում նախատեսվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ ու անվճար հացատուն կազմակերպել Ստեփանակերտում։

Նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը․

• օժանդակություն ՀՀ-ում գործող հումանիտար օգնության կայաններին, ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած դպրոցահասակներին համապատասխան փաթեթների տրամադրում (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն),

• ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի հղի կանանց ու նորածինների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի պարագաներ),

• փոքրիկ արցախցիների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպում Ստեփանակերտում, ամանորյա միջոցառումներ զինվորականների երեխաների համար Երևանում և ՀՀ մարզերում,

• ժամանակավոր հացատուն Արցախի այլ բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիների համար (բազմազավակ մայրերն ու իրենց երեխաները, միայնակ տարեցները, ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքները):

Հիմնադրամը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կարիքներին արձագանքելու հրատապությունը, ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների, աջակցության ծրագրերի իրականացմանը: Բոլոր միջոցառումները մշակվում և իրականցվում են ՀՀ և ԱՀ պետական համապատասխան մարմինների հետ գործակցությամբ, կարիքների և պահանջարկի ուսումնասիրությամբ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---