Քերոբյանը՝ Ամուլսարի մասին․ Պոտենցիալ 1-ին հարկատուին ասում ենք` «մի բացվիր»

Քերոբյանը՝ Ամուլսարի մասին․ Պոտենցիալ 1-ին հարկատուին ասում ենք` «մի բացվիր»

PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքը կարող է դառնալ Հայաստանի համար 1 հարկատուն, սակայն մենք ասում ենք «մի բացվիր», հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նախարարը նշել է, թե ինքը չի տեսել Ամուլսարի բնապահպանական վնասների մասին մանրամասն հաշվետվություն ու չի կարդացել այդ մասին։

Ամուլսարի հանքի շահագործմանը ՀՀ-ում դեմ են բնապահպաններն ու հանքի հարակից գյուղերի բնակիչները։ Նրանք 2019-ի օգոստոսից շրջափակել էին հանքի տարածքը, փակել մուտքն ու կանգնեցրել հանքի շահագործման գործընթացը։ Բնապահպան-ակտիվիստները հանքի պաշտպանության համար 2020-ի ամռանը ևս ակցիաներ ու հավաքներ էին իրականացնում։

Անդրադառնալով Սոթքի հանքի հետ կապված դեպքին (հանքի մի մասը մնացել է Ադրբեջանին հանձնվող Քարվաճառի շրջանում, խմբ․)՝ Քերոբյանը նշել է, թե ՀՀ-ում երկրի 4-րդ հարկատու հանքը կորցնելիս, «կարելի է ասել՝ վայնասուն ենք բարձրացնում», ցավոտ ենք ընդունում, սակայն պոտենցիալ առաջին հարկատունին ուղղակի չենք թողնում բացվի։

«Ամուլսարը կարող է դառնալ համար 1 հարկատուն, իրեն ասում ենք` «դու մի բացվիր»։ Ես մարդկանց առողջությունը շատ բարձր եմ դասում ու համարում եմ, որ մեր տնտեսությունը պետք է զարգացնենք հնարավորինս «կանաչ ձևով», բայց նաև պետք է հաշվի առնենք, որ հիմա այնպիսի տարածաշրջանային միջավայրում ենք, որ իրավունք չունենք մեզ անհարկի ճոխություններ թույլ տալ։ Ես չեմ ուզում ասել, որ Ամուլսարը պետք է բացվի կամ չբացվի, դա մի որոշում է, որտեղ պետք է համադրվի տնտեսական, համայների ու բնապահպանական շահերը, որոնք հավասարազոր են»,-հայտարարել է նախարարը։

Քերոբյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 44-օրյա պատերազմից հետո։ Պաշտոնը զբաղեցնելուց հետո նա մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ-ում տնտեսական ցուցանիշներն ավելացնելու ուղիների մասին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---