Զոհրաբյան․ Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչպե՞ս է ծախսվել Covid-19-ի դեմ պայքարի հիմնադրամի գումարը

Զոհրաբյան․ Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչպե՞ս է ծախսվել Covid-19-ի դեմ պայքարի հիմնադրամի գումարը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի ընթացքում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց պատասխանները դեռ տրված չեն, ինչպես, օրինակ՝ ինչու էին մարդիկ մահանում տներում, ինչպես են ծախսվել վարակի դեմ պայքարի հիմնադրամի գումարները, ինչու շտապօգնությունը չէր արձագանքում զանգերին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը։

Ազգային ժողովի՝ կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է գումարել, քննարկվել են ընթացակարգային հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի գործունեության արդյունավետության մասով։

«Իմ քայլի» պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը հարցրել է, թե ինչպես են ուսումնասիրելու համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը, եթե դրա դեմ պայքարը դեռ չի ավարտվել։

«Մետաղական հանքարդյունաբերության hարցով հանձնաժողովը տեսանք։ Արդյունքը զրո էր։ Հիմա ներքաշվում ենք մի գործընթացում, որի արդյունավետության գնահատականն աշխարհում չկա։ Թռչնագրիպի առումով կա՞ երկիր, որն արդյունավետության չափանիշ ունի։ Անգամ դա չկա։ Հանրությունը պատասխան է ակնկալում, որը, սակայն, չի լինելու»,-նշել է Մանուկյանը։

Նրա խոսքոին ի պատասխան՝ Զոհրաբյանը նշել է, թե բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չեն տրվել։

«Առ այս պահը շատ հարցերի պատասխաններ չենք ստացել, օրինակ՝ կորոնավիրուսի հիմնադրամի գումարներն ինչպե՞ս են ծախսվել, ինչո՞ւ շտապօգնությունը չէր արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչո՞ւ էր նախկին նախարարը ֆավորիտ ԲԿ-ների ցանկ ստեղծել, որոնք վիրուսի հետ կապված պետպատվերն էին իրականացնում։ Ուստի հանձնաժողովը բավականաչափ օրակարգ ունի քննարկելու»,-հայտարարել է ԲՀԿ պատգամավորը։

Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության գնահատականը որոշվելու է փորձագիտական կարծիքների հիմքով։

Հանձնաժողովը բաղկացած է 12 հոգուց, նրանցից 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։

Հանձնաժողովը կուսումնասիրի կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---