ԱԱԾ․ Արագածոտնի նախկին մարզպետը 35,000 դրամով գնած հողը պետությանը մոտ 140 մլն դրամով է վաճառել

ԱԱԾ․ Արագածոտնի նախկին մարզպետը 35,000 դրամով գնած հողը պետությանը մոտ 140 մլն դրամով է վաճառել

PanARMENIAN.Net - Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին ու նրա եղբորը՝ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանին մեղադրանքներ են առաջադրվել խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակելու, առերևույթ չարաշահումներ կատարելու համար: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, փոխանցում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Նախկին մարզպետը 35,000 դրամով հողատարածք է գնել ու այն Հյուսիս-հարավի կառուցման համար պետությանը վաճառել մոտ 140 մլն դրամով։

ԱԱԾ-ից հայտնում են, որ մարզպետ Սահակյանը՝ տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարական մանրամասներին, նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմնում՝ Կաքավաձորի ղեկավարի և իր եղբոր հետ, 2005-ին աճուրդ-վաճառքով 35,200 դրամով գնել է 7800 քմ հողատարածք, դրա վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա դրդել գյուղապետին օրինականացնել դրանք։ Այսպիսով մարզպետն իրական հնարավորություն է ստեղծել այն ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով վաճառելու և խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար։

2013-ի դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139,9 մլն դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139,8 մլն դրամից չափով գումարը:

Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ: Մարզպետի եղբոր բնակարանի խուզարկությունից հետո հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---