500,000 դրամի միանվագ աջակցություն՝ պատերազմի մոտ 6000 վիրավորի

500,000 դրամի միանվագ աջակցություն՝ պատերազմի մոտ 6000 վիրավորի

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500,000 դրամի չափով՝ բացառությամբ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է համապատասխան նախագիծը։

Նախարարը նշել է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են, նրանք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները:

«Միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի», - ասել է Առաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե որոշումը նոյեմբերի 18-ի իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

Ավելի վաղ Կառավարությունն աջակցության ծրագրեր էր մշակել նաև Արցախի բնակիչների, տունը կորցրած քաղաքացիների համար։ Նախագիծը ներկայացնելիս փաստացի պաշտոնական մակարդակով առաջին անգամ Կառավարությունը խոսել է պատերազմում վիրավոր զինծառայողների, կամավորականների ու պահեստազորայինների թվի մասին․ նրանք մոտ 6000-ն են՝ չհաշված առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերածները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---