11 փետրվարի 2021 - 13:54 AMT
Փաշինյան․ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը նորովի է կարևորում Իրանի հետ բարեկամությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը նորովի է կարևորում Իրանի հետ բարեկամությունը:

Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամությունն ու պատմական խոր ավանդույթները լավագույն հիմքն են փոխշահավետ համագործակցության զարգացման և խորացման համար:

Տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել մեծ կարևորություն է տալիս երկկողմ փոխշահավետ ծրագրերի շուտափույթ և լիակատար իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի»:

Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը նորովի է կարևորում մեր ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և փոխադարձ հարգանքը՝ հնարավորություն ընձեռելով առավել խոր փոխգործակցության:

Հայաստանը վճռական է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»: