Մարզպետ․ Տավուշում արտառոց ոչինչ չի եղել ու չկա, փորձել են խուճապ մտցնել

Մարզպետ․ Տավուշում արտառոց ոչինչ չի եղել ու չկա, փորձել են խուճապ մտցնել

PanARMENIAN.Net - Տավուշում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, կեղծ տեղեկություններ տարածողները պղտոր ջրում ձուկ որսացողներ են, նման տեղեկությունների համար բացարձակ հիմք չկա, հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ այդ լուրերի տարածումն անձնական վիրավորանք են իր ու տավուշցիների նկատմամբ։

Ավելի վաղ մամուլում ու սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Տավուշում «մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», այդ լուրը հերքվեց ՊՆ-ի ու մարզպետարանի կողմից։ Հերքվել է նաև լուրը, թե Տավուշի Ազատամուտ համայնքում ադրբեջանցիները սահմանային չափագրումներ են անում։ Ավելի ուշ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են՝ թուրքական դրոշներով, իբրև Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ, իսկ 102-րդ ռազմաբազայից ռուս զինվորականները Տավուշի տվյալ հատվածում են: Պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները նույնպես հերքեց՝ հորդորելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

«Որևէ արտառոց բան չի եղել և չկա՝ բացի նրանից, որ երեկ փորձել են խուճապ մտցնել այդ տարածքներում: Ցավոք սրտի, մենք այդ երևույթը չենք կարողացել հաղթահարել: Հուսով եմ, որ այսօր ևս համայնքներում իրականացվող աշխատանքների շնորհիվ, մեդիադաշտում հրապարակումների շնորհիվ մենք այդ խուճապը կարող ենք իջեցնել և հնարավորություն տալ մարդկանց, որպեսզի զբաղվեն բուն գործով, զբաղվեն երկիրը կառուցելով, զբաղվեն իրենց աշխատանքով, և խաղաղություն տիրի մեր համայքներում, մեր բնակիչների մոտ, որը կար վերջին ամիսների ընթացքում»,-ասել է Չոբանյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, Ադրբեջանին են փոխանցվել հայկական որոշ տարածքներ, Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ի միջոցով սահմանազատման աշխատանքներ են տարվել, որոշ բնակավայրերից հողակտորներ ու տներ են մնացել ադրբեջանական կողմին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---