Հայրենիքի փրկության շարժումը կբացի Բաղրամյանը

Հայրենիքի փրկության շարժումը կբացի Բաղրամյանը

PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը կվերականգնվի։ Այդ մասին ասվում է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև, որ շարժման նպատակն ու օրակարգն անփոփոխ են:

«Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ։

Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:

Հասարկության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ:

«Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.

1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:

2. Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:

3. Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարամարությունը:

Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են, պայքարելու ենք և հաղթենք»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---