«Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ՝ «մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել»

«Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ՝ «մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել»

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: Այդ մասին ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

«Ընտրության արդյունքներն անսպասելի էին: Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:

Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ամբողջ ինֆորմացիային»,-ասել է Հակոբյանը:

Նրա պնդմամբ՝ ընտրություններին մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել, հատկապես՝ զինվորականներ են օգտագործվել՝ հօգուտ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։

«Ինչ կարողացել են, արել են՝ սպառնալիքներով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Սյունիքում զինվորականներ են բերել, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Շուռնուխում Նիկոլի օգտին քվեարկել է 9 հոգի, զորք են բերել՝ նրա համար քվեարկելու։ Բայց էլի այսպիսի արդյունք չէինք սպասում»,-ասել է Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքն, հավանաբար, հունիսի 22-ին մամուլի ասուլիս կհրավիրի և հայտարարությամբ հանդես կգա:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---