7 հայ ռազմագերու մասով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

7 հայ ռազմագերու մասով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

PanARMENIAN.Net - Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս 7հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնեւյան կոնվենցիայի պարտավորությունները»,- ընդգծել է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

«Ժամանակավոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքագրելով՝ հիշյալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։ Երևանում և Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել մոտ հարյուր հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր, տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

«Վերջերս, նույն համագործակցությամբ, հնարավոր էր եղել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի կողմից պահվող մոտ 90 հայ գերիների վերաբերյալ։ Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել մոտ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնք, ըստ հայկական կողմի տվյալների, մոտ 200-ն են։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 19 հայ գերի սպանվել է գերեվարվելուց հետո, այդ թվում՝ 4 կին։ Ադրբեջանում գերիների մի մասի հանդեպ դատավարություն է սկսվել՝ նրանց մեղադրում են «ահաբեկչության մեջ»։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---