Բայդեն․ Հանձնառու ենք աջակցել բանակցելու ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

Բայդեն․ Հանձնառու ենք աջակցել բանակցելու ԼՂ խնդրի համապարփակ  կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու ԼՂ խնդրի համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

«Հասկանում եմ այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,-ասվում է ուղերձում:

Վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Ջո Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից:

«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում:

ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները»,- ասվում է ուղերձում։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---