Փաշինյան․ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և չի լինի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի

Փաշինյան․ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և չի լինի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայ համայնքի հետ հանդիպմանն ադրադառնալով Իրանի հետ հարաբերություններին, հայտարարել է, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի:

«Իրանի հետ ունենք ջերմ հարաբերություններ։ Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել է 2021թ․ օգոստոսին, ես էլ ընտրություններից հետո պաշտոնս ստանձնել եմ օգոստոսին, և արդեն երկու անգամ հանդիպել ենք: Փաստ, որը ցույց է տալիս, թե ինչքան ենք կարևորում այդ հարաբերությունները: Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ-որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, ու մենք երբեք չենք մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է «կյանքի ճանապարհ»։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի դեմ»,-ասել է նա:

Վարչապետը նշել է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։

«Մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Նախագահ Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերություն, և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել այն: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ- էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ առաջարկել եմ վերադառնանք կամ վերհիշենք, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որը կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում լուծվել է Իրանի հետ ունեցած երկարատև խնդիրներից մեկը` կապված դեպի Արաքս գետ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների հետ։

«Հարցն անընդհատ բարձրացվում էր, և ուրախ եմ արձանագրել, որ այն լուծվել է, որովհետև կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին, և սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Լիտվայում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---