Ֆրանսիան կոչ է անում, որ Արցախում «առաջ եկած ուժերը վերադառնան ելման դիրքեր»

Ֆրանսիան կոչ է անում, որ Արցախում «առաջ եկած ուժերը վերադառնան ելման դիրքեր»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, կոչ է արել, որ «առաջ եկած ուժերը վերադառնան իրենց ելման դիրքեր»՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համապատասխան։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում միջադեպերի, այդ թվում՝ Փառուխում ու Խրամորթում զինված ուժերի մասնակցությամբ միջադեպերի ու զորքերի տեղաշարժի առնչությամբ։ Ֆրանսիան նաև մտահոգված է գազամատակարարման նոր դադարեցմամբ և հորդորում է վերականգնել այն»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այդ երկրի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը հարցը բարձրացրել է ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներում՝ հորդորելով անհապաղ վերականգնել Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը եղանակային ցուրտ պայմաններում։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ «երկխոսության առաջմղման և տարբեր հարցերի քննարկման նպատակով»։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 14-ը՝ վիրավորվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---