ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա։
«Ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են։ Հանրության լայն շերտեր չեն միանում ընդդիմությանը։ Երբ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ամեն օր ասում է` ամեն ինչ ավարտված է, կարծում եմ՝ գնալով նրանց շարժումն է ավարտվելու»,- ասել է Ալեքսանյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` քաղաքական առումով որևէ լրջություն չի տեսնում, չնայած հարգում է ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը։
Մայիսի 4-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանրային հրաժարականի պահանջը։ Նույն պահանջը Արմեն Ռուստամյանը հնչեցրել է նաև ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։