Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին․ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում

Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին․ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստի մասնակիցների հետ հանդիպմանը շեշտել է, որ այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն և քննարկվեն ՀԱՊԿ ձևաչափում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովը, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովը, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդան և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումընախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և ՀՀ-ն կարծել ու կարծում է, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները:

Վարչապետը հիշեցրել է նաև, որ իրավական դաշտ կա այդ առումով, և 2010-ի դեկտեմբերի 10-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքելու կարգի վերաբերյալ։

«․․․Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է:

Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:

Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը։

․․․Ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ քննարկել է կազմակերպության օրակարգին և գործունեությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---