Թաթոյան․ ՀՀ իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել Փափազյանի մուտքի արգելքի մասով

Թաթոյան․ ՀՀ իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել Փափազյանի մուտքի արգելքի մասով

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի` ՀՀ մուտքի արգելքին, նշել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել:

Նա նշել է, նաև, որ նման վերաբերմունքը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակ անընդունելի է և նպաստում է համահայկական համախմբման տապալմանը։

«Այսօր խոսել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ՝ կապված Հայաստանի Հանրապետություն իր մուտքի արգելքի հետ:

Նրա փոխանցմամբ՝ իր տիկնոջ հետ Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանակավակայանում տեղեկացել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է: Ըստ նրա` օդանավակայանում 4 ժամ պահվել է մինչև մուտքի հարցի լուծումը: Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ պարզաբանումներ իրեն չեն տրամադրվել՝ չնայած իր բազմաթիվ խնդրանքներին: Առկա չեն նաև հրապարակային պարզաբանումներ:

Նման վերաբերմունքը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակ անընդունելի է և նպաստում է համահայկական համախմբման տապալմանը:

Մուրադ Փափազյանը երկար տարիների գործունեություն է ծավալել միջազգային ատյաններում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում այս հարցերով բազմիցս ենք համագործակցել պարոն Փափազյանի հետ:

Այս դեպքն, այն էլ առանց մարդուն պարզաբանումներ տրամադրելու, ունի նաև համահայկական նշանակություն և կարող է տանել վտանգավոր զարգացումների առ այն, որ ՀՀ պետական մարմինների կողմից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան կարող է կամայական արգելվել: Հարցն արդեն իսկ արժանացել է հանրային քննարկման նաև այս տեսանկյունից»,-ասվում է գրառման մեջ:

Թաթոյանը նշել է, որ, հաշվի առնելով հայկական տիրույթում հարցի հանրային քննարկումների վտանգավոր ուղղությունները, պարզաբանումներ պետք է ներկայացվեն նաև հայ հանրությանը:

«Հակառակ դեպքում ստացվում է ստեղծված իրավիճակում Հայաստան մուտքի արգելքը դառնում է իրավունքից դուրս գործող պատժիչ գործառույթ:

Հ.Գ. 2-րդ լուսանկարում Ֆրանսիայի Սենատի անդամներին ու Ազգային ժողովի պատգամավորներին եմ ներկայացնում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների փաստերը: Հանդիպումը կայացել էր պարոն Փափազյանի աջակցությամբ»,-ասվում է գրառման մեջ։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։Փափազյանը կարծում է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---