Կարապետյան․ Բաքուն հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողի, մինչդեռ այդ թվում պետք է լինի ևս 26 զինվորական

Կարապետյան․ Բաքուն հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողի, մինչդեռ այդ թվում պետք է լինի ևս 26 զինվորական

PanARMENIAN.Net - Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը հաստատում է` գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողի, մինչդեռ հայկական կողմը համարում է, որ գերիների թվում պետք է լինի ևս 26 զինվորական։

Դեսպանն ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է եղել, որ գերիների փոխանակումը լինելու է բոլորը բոլորի դիմաց: Նա նշել է, որ հայկական կողմը փոխանցել է բոլոր գերիներին, նույնիսկ հանցագործներին, որոնք դատապարտվել են բոլորովին այլ հոդվածներով, այդ թվում՝ մարդասպանության համար, տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպանի խոսքով, հայկական կողմն ունի համապատասխան փաստաթղթային ապացույցներ, տեսագրություններ, ինչպես նաև արդեն Հայաստան վերադարձած նախկին գերիների ցուցմունքները։

Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը բաց է թողել հայ զինվորականների մի մասին՝ ականապատման քարտեզների դիմաց։

«Որպես բարի կամքի դրսևորում, Հայաստանի ղեկավարությունը փոխանցեց ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մենք մեր տրամադրության տակ ունեինք դեռևս 90-ականներից սկսած՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից»,- պարզաբանել է դեսպանը։

Դիվանագետն ընդգծել է, որ փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը։

«Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ և բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով, սակայն դրանք մեր կողմից փոխանցելուց հետո պայթյունների թիվը զգալիորեն նվազել է, և ընդամենը մեկ-երկու մահացության դեպք է եղել: Մեր քարտեզները բավականին ճշգրիտ են, բայց պետք է հաշվի առնել անցած ժամանակահատվածը»,- ամփոփել է Վլադիմիր Կարապետյանը։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---