Փրայս․ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր

Փրայս․ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ ուղերձը հայ-ադրբեջանական սահմանին երկու շաբաթ առաջ սկիզբ առած բախումների առնչությամբ մնում է նույնը՝ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր, կողմերին՝ աշխատել առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Նյու Յորքում կայացած ԱՄՆ, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը ելման դիրքեր: Մենք հորդորում ենք դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։

Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով, մենք դա նաև հրապարակայնորեն ենք ասել, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը երկու երկրների հետ, ներառյալ՝ բարձր մակարդակներում, ներառյալ՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավված լինել ու խրախուսել տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ աշխատանքը, քանի որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,-ասել է նա:

Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորք եռակողմ հանդիպումը, և հույս է հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

«Պետքարտուղարը երկու ղեկավարի հետ զրույցներում նշել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարների համար էլ հստակեցրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Այն հարցին, թե պետքարտուղարը նրանց հորդորել է կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ և կա՞ որևէ հատուկ վայր կամ ամսաթիվ, Փրայսն արձագանքել է, որ դա երկու երկրների որոշելիքն է լինելու։ Նա նշել է| ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական ներգրավվածությունը բխում է երկու կողմերի շահերից:

«Մենք առաջարկել ենք օգնել՝ երկկողմ, եռակողմ, բազմակողմ [ձևաչափերով], և իհարկե Եվրամիությունը նույնպես կարևոր դեր է խաղում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ինչպես հայաստանցի, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ, և դա կշարունակվի։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---