ԱՀ ՄԻՊ․ Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել է ու կմնա Արցախի անբաժանելի մասը

ԱՀ ՄԻՊ․ Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել է ու կմնա Արցախի անբաժանելի մասը

PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, նշելով, որ 2020-ի աշնանն Ադրբեջանի կողմից բռնազավթվել է Արցախի Հանրապետության մոտ 200 բնակավայր, այդ քվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին, գրել է, որ «այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նաև նշել է, որ «բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923-ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։

Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900-ականների սկզբին, այնպես էլ 2020-ին թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր֊մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։

Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։

Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։

Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշին հայաթափվել է և նոյեմբերի 7-ից 9-ը (այլ տվյալներով՝ 5-ից 6-ը) անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---