Ֆրանկոֆոնիայի անդամներն աջակցություն ու համերաշխություն են հայտնել ՀՀ-ին․ Բանաձև է ընդունվել![]() 21 նոյեմբերի 2022 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ-երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին, հայտնում է Արմենպրեսը։ Բանաձևը, մասնավորապես, համերաշխություն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես` դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։ Կազմակերպությունը քաջալերում է կողմերին, միջազգային գործընկերների հետ համատեղ, խնդիրների բանակցված, խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքերը գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ՝ տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և կոչ է անում խստորեն հարգել հրադադարը։ Բանաձևն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ողջունում գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ։ Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել լուծում չստացած հումանիտար խնդիրների առնչությամբ, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։ ՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնել մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցություն ցուցաբերում Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։ Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ-երկրները շնորհակալություն են հայտնում Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին չորս տարիների ընթացքում նախագահելու համար և հայտնում են իրենց համերաշխությունն Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց երկիրն առերեսվում է։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ ՖՄԿ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում շնորհակալություն էր հայտնել Հայաստանին վերաբերող պարբերությունների համար ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևի նախագծում և անդրադարձել Ալբանիայի պատվիրակության դիմումին՝ վերաբացելու Հայաստանին վերաբերող պարբերությունների քննարկումը։ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանի պատվիրակությունը համաձայն չէ դրան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |