Հրատապ մարդասիրական աջակցություն` Արցախին․ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ էր

Հրատապ մարդասիրական աջակցություն` Արցախին․ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ էր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նիստին տեսակապի միջոցով մասնակցել է հոգաբարձուների խորհրդի 20 անդամ, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։

Մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը, շեշտվել է Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբան անհրաժեշտությունը: Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, Հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև Հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժն Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:

ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500,000 դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2021-2022թթ. ընթացքում Հիմնադրամը Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքերին։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, ավելի քան 52 կմ տարբեր ռազմավարական ճանապարհներ և մի քանի համայնքներում խմելու ջրի ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացման տասնյակ ծրագրեր:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
---