ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։ Այդ մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով»,-ասվում է գրառման մեջ։

Մինչ այդ Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Հայաստանի երկու պահանջից միայն մեկն է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր միջանկյալ որոշմամբ։ Չնայած որոշումն ուժի մեջ է դեկտեմբերի 21-ից, Բաքուն դեռ չի կատարել այն՝ թույլ տալով ճամփին մնացածներին տուն հասնել, իսկ հիվանդներին՝ Երևան, բուժման։

Միջազգային դատարանը Բաքվին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Միջանցքը բացելու ուղիղ պահանջ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին չի ներկայացրել։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---