Արցախից ևս 6 պացիենտ է տեղափոխվել ՀՀ՝ 5 հիվանդ և 1 հղի

Արցախից ևս 6 պացիենտ է տեղափոխվել ՀՀ՝ 5 հիվանդ և 1 հղի

PanARMENIAN.Net - Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ է տեղափոխվել 5 հիվանդ և 1 հղի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 6 հիվանդ՝ «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Հղիություն I, 8 շաբաթական», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ, ռեզիդուալ խոլեդոխոլիթիազ» ախտորոշումներով, տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---