Կանադայի խորհրդարանի կոմիտեում քննարկմանը կհրավիրվեն Արցախի ներկայացուցիչները

Կանադայի խորհրդարանի կոմիտեում քննարկմանը կհրավիրվեն Արցախի ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հատուկ նիստում, որը նվիրված էր Արցախի շրջափակմանը, որոշվել է իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։

Համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Նշվում է, որ նիստը կայացել է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով։

Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել։

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սույն որոշումն իր բնույթով բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական հանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, այլ նաև քննարկման է հրավիրում Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման նոր դրսևորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական շրջան աշխատանքներ է իրականացնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---