Վարդանյան․ Սա դժվար ճանապարհ է, չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ` միակ ճանապարհն է

Վարդանյան․ Սա դժվար ճանապարհ է, չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ` միակ ճանապարհն է

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներում ունեցած հանդիպումներում ասել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը:

«Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»,-ասել է նա:

Նա մանրամասն տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացված և ձեռնարկվելիք քայլերի մասին:

Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները:

Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Այս համատեքստում, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչը կարևորվել է նաև պարենային անվտանգության տեսանկյունից: Պետնախարարը նշել է,որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:

Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---