18 ապրիլի 2023 - 10:22 AMT
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն․ Հավատում էի հաղթանակիս

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ քաշային կարգ) երկամարտում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Նա գրանցել է 320 կգ արդյունք։

Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալների:

«Պայքարը թեժ էր, պատասխանատվությունը՝ շատ մեծ։ Հավատում էի հաղթանակին»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ շատ քրտնաջան աշխատել է Երիտասարդական Եվրոպայի առաջնությունից հետո։

«Շատ ուրախ եմ։ Տպավորություններս հիանալի են։ Սրան էի սպասում, շնորհակալ եմ երկրպագուներիս, նրանց, ովքեր ինձ հավատացել են ու երկրպագել են»,-ասել է Սահակյանը։

Սա Հայաստանի առաջին ոսկին է Երևանում ընթացող առաջնությունում:

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: