ՀՀ ԱԳՆ-ն՝ Լաչինում անցակետի մասին․ Բաքվի գործողությունները միտված են տապալելու ՀՀ-Ադրբեջան բանակցությունները![]() 24 ապրիլի 2023 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ՝ նշելով, որ Բաքվի այդ գործողությունները միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները։ ԱԳՆ-ն նաև կոչ է անում ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իր պարտավորությունը: 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։ Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ ջանք չի գործադրում ոչ միայն ձեռք բերված հանրահայտ պայմանավորվածությունները կատարելու, այլև իր կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շարունակական խախտումները կոծկելու ուղղությամբ և ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |